CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Ո՞րն է Քրիստոսի հիմնած եկեղեցին

Ո՞րն է Քրիստոսի հիմնած եկեղեցին
22.04.2026 | 12:37

(Ուշադիր կարդալու)

1․ Եկեղեցին, ըստ Աստվածաշնչի, «Քրիստոսի Մարմինն է» (Ա Կորն. 12:27, Կող․ 1:18)։ Գլուխը՝ Քրիստոսն է, իսկ Կաթողիկոսը՝ հոգևոր հայրը և սպասավորը։ Եկեղեցականները, հավատավոր ժողովուրդը միասին եկեղեցու մարմնի անդամներն են։ Նոր Կտակարանը հստակ նշում է նաև Քրիստոսի հիմնած եկեղեցու կառուցվածքը և նվիրապետական կարգը։

2․ Պողոս առաքյալը Եկեղեցին նկարագրում է որպես Մարմին, որտեղ կան տարբեր անդամներ, պաշտոններ, կարգ ու կանոն (Ա Կորն․ 12, Եփես․ 4)։ Մարմինը չի կարող գոյություն ունենալ առանց կառուցվածքի՝ Գլխի և անդամների։

3․ Մարմնի ամեն անդամ իր դերն ու նշանակությունն ունի։ «Աչքը չի կարող ասել ձեռքին, թէ՝ ինձ պէտք չես. եւ կամ նոյն ձեւով գլուխը՝ ոտքերին, թէ՝ ինձ պէտք չէք» (Ա Կորն․ 12։21)։ Այնպես որ այն թեզը, համաձայն որի, հոգևոր սպասավորները իբրև թե եկեղեցին չեն, այլ ժողովուրդն է եկեղեցին, կեղծ է և չի բխում Նոր Կտակարանից։

4․ Եթե Եկեղեցին դիտարկվի միայն որպես հավաքված ժողովուրդ՝ առանց Առաքելական հաջորդականության հոգևոր իշխանության և կանոնակարգի, այն կկորցնի իր ինքնությունը՝ որպես Քրիստոսի հիմնած կառույցի և կվերածվի բողոքական աղանդի։

5․ Հիսուս Քրիստոս Ինքը առաքյալներին տվեց իշխանություն՝ կապելու և արձակելու (Մատթ․ 18:18), և այդ իշխանությունը նրանց միջոցով ձեռնադրությամբ փոխանցվեց հոգևորականների հաջորդ սերունդներին, որով հիմնվեց եկեղեցական հիերարխիան։ Տիմոթեոսին և Տիտոսին ուղղված թղթերում հստակ նկարագրված են եպիսկոպոսների և երեցների պարտականությունները։ Մեր Մայր եկեղեցին է այդ անխզելի հաջորդականության կրողը։

6․ Տերը չասաց, թե այնտեղ, որտեղ իմ անունով երեք հոգի կհավաքվեն, դա է եկեղեցին։ Այլ ասաց․ «Եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է․ որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Կորն․ 12։16)։ Սա պետք է դիտարկել Ավետարանական տվյալ հատվածի համատեքստում։ Խոսքը ոչ թե Եկեղեցու «ինստիտուցիոնալ իմաստի» մասին է, այլ Քրիստոսի ներկայության մասին՝ Իր հետևորդների միջև վեճերը խաղաղությամբ լուծելու ժամանակ։

7․ Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ Խորհուրդը վավեր է միայն այն դեպքում, երբ այն կատարվում է օրինական ձեռնադրված քահանայի կողմից՝ եկեղեցական համայնքի միասնության մեջ։ Եթե Եկեղեցին ընդամենը հավաքույթ է, ապա յուրաքանչյուրը կարող է «իր եկեղեցին» ստեղծել՝ աղավաղելով վարդապետությունը, ինչպես ուզի։ Աղանդների պարագայում հենց այդպես էլ լինում է։

8․ Նոր Կտակարանը լի է եկեղեցական կառույցի, կարգապահության և հոգևոր պետերի (եպիսկոպոսների, երեցների) մասին հրահանգներով։ Եկեղեցին իսկապես հավատացյալների միությունն է, բայց այն միաժամանակ նաև Աստվածահիմն հիերարխիկ կառույց է, որը Քրիստոսի կամքով պետք է պահպանի ոչ միայն սերը, այլ նաև ճշմարիտ վարդապետությունը, ուղղափառությունը, ուղղադավանությունը, որի պատասխանատուները նվիրապետական կարգի ներկայացուցիչներն են՝ հոգևոր դասը։

9․ Հայ Եկեղեցու կանոնները սահմանում են, որ եկեղեցու կառավարման կարգը, Կաթողիկոսի ընտրությունը և կանոնադրությունը որոշվում են եկեղեցական ժողովների և կանոնական հաջորդականության միջոցով, ոչ թե անհատ մարդկանց կամ խմբակների։ Ցանկացած արտաքին միջամտություն կանոնական առումով համարվում է բռնազավթում և եկեղեցական ազատության կոպիտ ոտնահարում։

10․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի իր ներքին մեխանիզմները ՝ժողովներ, եպիսկոպոսաց դաս և այլն, որոնք պատասխանատու են կառուցվածքային փոփոխությունների համար, և արտաքին միջամտությունն այս գործընթացին դուրս է գալիս աշխարհիկ պետության, ցանկացած պետական, ոչ պետական և միջազգային կազմակերպությունների իրավասություններից։

11․ Հանրությունն օտարվում է եկեղեցուց ոչ թե Եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով, այլ քանի որ գործող օրենսդրությամբ կրոնական կազմակերպություններին՝ աղանդներին տրված է գործունեության այնպիսի լայն ասպարեզ, որ նրանք հանդգնում են օրը ցերեկով հոգեորսությամբ զբաղվել:

12․ Վերջապես՝ Աստվածաշունչը հաճախ ցույց է տալիս, որ ժողովրդի ձայնը և Աստծո կամքը կարող են լինել ծայրահեղ հակադիր։ Ժողովուրդը միաձայն գոռում էր․ «Խա՛չը հանիր նրան» (Ղուկ․ 23։21) ՝ նախընտրելով ավազակ Բարաբային, այլ ոչ թե Աստծո Որդուն։ Ժողովուրդը Աստծուն թողնելով ոսկե հորթ ձուլեց (Ելք 32) և սկսեց երկրպագել կուռքին։ Աստվածաշունչը վկայում է, որ Աստված Իր կամքը հայտնում է ոչ թե քվեարկություններով կամ մեծամասնության կարծիքով, այլ. մարգարեների (ովքեր միայնակ են եղել ու հաճախ նահատակվել ժողովրդի կողմից), Աստծո Որդու՝ Քրիստոսի միջոցով (Ով խաչվեց ժողովրդի կողմից), Սուրբ Հոգու, մարդու խղճի միջոցով։ «Աստծո ձայնը» լսելի է դառնում նաև սրբազան ավանդության և եկեղեցական ժողովների միջոցով։

Այսպիսով, Եկեղեցական կարգը և հոգևոր իշխանությունը աստվածաշնչյան է և սահմանված Աստծո կողմից։ Սրբազան հասկացությունները չպետք է օգտագործվեն աշխարհիկ նպատակների համար, սա կեղծ երկընտրանք է։ Ըստ Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու վարդապետության Եկեղեցին երկմաս է՝ մարտնչող և հաղթանակած, որոնք միասին կազմում են մեկ միասնություն Քրիստոսի մեջ։ Հաղթանակած եկեղեցին երկնքում է` առաքյալներով, մարգարեներով, սրբերով, նահատակներով, մարտիրոսներով, արդարներով: Իսկ երկրի վրա է գտնվում մարտնչող եկեղեցին` հոգևոր դասի և հավատավոր հոտի միասնականությունը, որը պայքարում է մեղքի, փորձությունների և չարի դեմ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոստման համաձայն դժոխքի դռները չպիտի հաղթահարեն Իր իսկ հիմնած Եկեղեցին (Մատթ. 16:17):

Ուստի, մխիթարվենք Տիրոջ խոսքով. «Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին» (Յովհ. 16:33):

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ